ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում

Վստահության ձևավորում կրթության որակի ապահովման համակարգում
07.12.2013 | 15:24

«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումն ամփոփեց իր աշխատանքները:

Ֆորումի ընթացքում քննարկվեցին երեք հիմնական ուղղություններ`բուհական և մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ձեռքբերումները, մարտահրավերները, ամփոփվեց փորձնական հավատարմագրման շրջափուլը:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց այսօր առկա մարտահրավերները` հաստատությունների և ֆակուլտետների ինքնավարությունը, ՄՈՒՀ-երի որակի ներքին ապահովման համակարգի հետագա հզորացումը, ուսանողակենտրոն ուսուցումն իր բոլոր բաղադրիչներով, ճկուն կրթական ծրագրերի մշակումը, կրեդիտային համակարգի լիարժեք կիրառումը, դասավանդման մեթոդների արդիականացումը, ինչպես նաև միջազգայնացման գործընթացը:

Ֆորումի ելույթ ունեցան Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության գործադիր խորհրդի անդամ Լուսիեն Բոլաերթը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը, ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը, ՀԱԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը: Բարձրագույն ուսումնական և մասնագիտական ուսումնական հաստատությունների պատասխանատուները, որակի ապահովման փորձագետները, դասախոսները, ուսանողները փոխանցեցին իրենց փորձն ու կրթության որակի ապահովման գործընթացի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները:

Միջազգային փորձառու մասնագետներ Հելմուտ Կոնրադը (Գերմանական հավատարմագրման խորհրդի անդամ, Գրացի համալսարանի ժամանակակից պատմության պրոֆեսոր), Լուսիեն Բոլաերթը (Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման կազմակերպության (NVAO) գործադիր խորհրդի անդամ) և Միստ Ֆորկելստոդիրն (Կոնսերվատորիաների եվրոպական ասոցիացիայի որակի բարելավման հանձնաժողովի նախագահ) անցկացրեցին աշխատաժողովներ Բոլոնիայի գործընթացի շրջանակում կրթության արդիականացումը և ազդեցությունը մասնագիտական կրթական ծրագրերի վրա, արտաքին և ներքին շահակիցների ներգրավումը` աշխատաշուկայի և շրջանավարտների պահանջներին համապատասխան, արվեստի բնագավառում ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերի արտաքին գնահատման առանձնահատկությունները:

Լուսիեն Բոլաերթն իր փորձագիտական կարծիքը հրապարակեց, որտեղ մասնավորապես հայտնեց, որ «ծանոթ լինելով Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում տեղի ունեցող գործընթացներին և ՈԱԱԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին` դրական եմ գնահատում: Ուշագրավ է, որ Հայաստանը գտնվելով անցումային շրջանում, բարձրագույն կրթության ոլորտում հասել է որակի տեսանկյունից հասունության կիզակետին: Ֆորումը հնարավորություն ընձեռեց վերամշակել օրակարգային խնդիրները և մատնանշել զարգացման հեռանկարները»:

«Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում. վստահության ձևավորում» որակի ապահովման երկրորդ ֆորումի իրականացմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, Նիդերլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը և Երևանի պետական կոնսերվատորիան:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ